Երբ կլինի Վիրահայոց թեմի նոր առաջնորդ, Վազգեն Սրբազանը կվերադառնա Մայր Աթոռ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Վազգեն Սրբազանը արդեն այդ առնչությամբ մեկնաբանություն տվել է, ներկայացրել է բոլոր հանգամանքները և ես ավելացնելու ոչինչ չունեմ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Հայաստան վերադառնալու ցանկությանը:
«Կարծում եմ՝ ինքը հստակ ներկայացրել է, որ Ամենայն Հայոց հայրապետի հետ ադ մասին խոսել է»,-ասաց Տեր Վահրամը:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, որ սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը նշեց, որ երբ կլինի նոր առաջնորդ, նա կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նա ասաց, որ այս պահին չի կարող ժամանակահատված նշել, թե երբ կլինի նոր առաջնորդը, բայց Վազգեն Սրբազանը կկատարի իր պարտականությունները այնքան ժամանակ, մինչև նոր առաջնորդ լինի:
«Ժամանակը ցույց կտա թե նրա հետագա ծառայության հետ առնչվող ինչ որոշում կկայացվի»-ասաց նա:










