Ամեն ինչ մի օրում չի կառուցվում,ակումբը ձևավորման փուլում է. Վազգեն Մանուկյանը՝ քննարկումների հարթակ ստեղծելու մասին
Քննարկումների հարթակ-ակումբ ստեղծելու մտադրություն, այո, կա, ձևավորման շրջանում է, բայց այն դեռևս ձևավորված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Երբ ակումբը ձևավորվի, շնորհանդես կլինի, ամեն ինչ կներկայացնենք հասարկությանը, դեռ շուտ է: Այն հասարակական, քաղաքական քննարկումների ակումբ է լինելու»,-նշեց նա:
Վազգեն Մանուկյանը հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ակումբի անդամները արդեն նիստ են անցկացրել:
«Հանդիպումներ, քննարկումներ եղել են, բայց նիստ՝ ոչ, տարբեր մարդիկ եկել են»-վստահեցրեց նա:
Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ մասնակիցների հարցում տարբերություն չեն դնելու՝ իշխանական թևի՞ց է, թե՞ ընդդիմադիր: Մասնակիցների անունները նա չցանկացավ նշել:
Մամուլում գրվել էր, որ ակումբի անդամներ են լինելու Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Դավիթ Շահնազարյանը, Աղվան Վարդանյանը, Վարդան Բոստանջյանը, Ստեփան Դանիելյանը և այլք:
«Կարծում եմ՝ քաղաքական բոլոր ուժերն էլ, ովքեր դիսպուտներին կարող են մասնակցել, այդտեղ պետք է ներկայացված լինեն, ջոկողություն չենք անելու, իհարկե, իշխանական կուսակցությունից էլ պիտի լինեն մարդիկ: Բայց ամեն ինչ մի օրում չի կառուցում, դեռ պետք է սպասել»,-նկատեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշել այդպիսի ակումբ ստեղծել, արդյոք կարծո՞ւմ է, որ առողջ քաղաքական քննարկումների պակաս կա, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես գտնում եմ, որ այդպիսի բանով ես պետք է զբաղվեմ, այսքանը »:










