Բրիտանական անձնագրերից հեռացվել է «Եվրոպական միություն» նշումը

14:24 • 06.04.19

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է նոր անձնագրերը թողարկել առանց «Եվրոպական միություն» նշման՝ չնայած, որ երկիրը դեռևս շարունակում է ԵՄ լիարժեք անդամ մնալ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավելի վաղ սպասվում էր, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ից կդադարի ԵՄ անադամ լինել, ուստի՝ անձնագրերը նախապես սկսել են առանց համապատասխան նշման թողարկել: Սակայն բրիտանացի օրենսդիրների տարակարծության հետևանքով «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմում) համաձայնագիրը առայսօր վավերացված չէ:

Նշվում է, որ անձնագրերի հետ կապված փոփոխությունը դուրս չի եկել բազմաթիվ բրիտանացիների:

«Ես շոկի մեջ եմ, մենք դեռևս չենք լքել ԵՄ-ն, իսկ գրությունն արդեն չկա»,-նշել է մի կին:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 5-ին նամակով դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով մինչև հունիսի 30-ը երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետն ու բրիտանացի օրենսդիրներին թույլ տալ համաձայնության գալ «Բրեքզիթ»-ի համաձայնագրի վավերացման հարցում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից անկախանալու հանրաքվեն անցկացվել է 2016թ.: Սակայն առ այսօր Լոնդոնը չի վավերացրել Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագիրը՝ պնդելով, որ դրա որոշ դրույթներ չեն բխում Մեծ Բրիտանիայի շահերից: Ըստ նախնական ծրագրի՝ «Բրեքզիթ»-ը պետք է հաստատված լիներ 2019թ. մարտի 29-ի դրությամբ: