Ղրղզստանը խստացրել է հարսնացուներին փախցնելու համար նախատեսված պատիժը

20:27 • 06.04.19

Ղրղզստանում խստացրել են ամուսնանալու նպատակով աղջիկներին առևանգելու համար սահմանված պատիժը՝ նախատեսված ազատազրկման ժամկետը 7 տարուց հասցնելով 10-ի: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի իրավապաշտպան կազմակերպության առաջնորդ Գուլսանա Աբիտովային: 

«Նոր քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտել տարեսկզբից, խստացվել է պատժաչափը հարսնացուներին առևանգելու համար և նրանց համար, որոնք ստիպում են 18 տարին չլրացած աղջիկներին ամուսնանալ», - ասել է նա:

Անչափահաս աղջիկներին ամուսնանալ ստիպողներն այսուհետ ստիպված կլինեն 200 000 սոմ (ավելի քան 3000 դոլար) տուգանք վճարել: 

Աբիտովայի խոսքով՝ երկրում հարսնացուներին փախցնելու համար պատիժը վերջին անգամ խստացվել է 2013-ին, սակայն իրավիճակն էականորեն չի փոխվել: