Լեհաստանը մտադիր է Գերմանիայից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կրած վնասի դիմաց առնվազն 900 մլրդ դոլարի փոխհատուցում պահանջել

11:47 • 07.04.19

Լեհաստանը մտադիր է Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրած վնասի դիմաց առնվազն 900 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պահանջել: Այս մասին WPolityce-ի հետ հարցազրույցում հայտնել է Սեյմի՝ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, փոխհատուցման գումարաչափերի գնահատման խորհրդարանական խմբի անդամ Յանուշ Շևչակը:

«Քանի դեռ Գերմանիան չի մարել Երկրորդ աշխարհամարտի պատճառով Լեհաստանին ունեցած պարտքը, իսկ խոսքն առնվազն 900 մլրդ դոլարի մասին է, այդ երկրի իշխանությունները պարտավոր են խիստ զսպվածություն ցուցաբերել, երբ խոսվում է լեհական կառավարության դեմ հարձակումների մասին»,- հայտարարել է խորհդարանականը:

Նրա խոսքով՝ խայառակություն է այն, որ վերջին 30 տարիներին Լեհաստանի իշխանություններն անտեսել են պատերազմի ժամանակ կրած վնասի դիմաց փոխհատուցում պահանջելու հարցը:

«Գերմանացիները պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ պատրաստեն փոխհատուցման համար»,- հավելել է Շևչակը:

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Գերմանիայի կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Լեհաստանին հասցված վնասի դիմաց փոխհատուցման հարցը դեռևս փակված չէ:

Գերմանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ լեհական կողմին որևէ փոխհատուցում վճարել՝ պատճառաբանելով, որ ժամանակին արդեն բավականաչափ մեծ գումար է վճարվել, և որ 1953թ.-ին Լեհաստանի կողմից փոխհատումից հրաժարվելու փաստը կասկածի տակ առնելու հիմքեր չկան: