Սուդանում հազարավոր ցուցարարներ նախագահի հրաժարականն են պահանջել
Սուդանի մայրաքաղաք Հարթումում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականը, որն իշխում է արդեն մոտ 30 տարի, գրում է korrespondent.net-ը: Ցույցի հետևանքով զոհվել է 2018թ.-ի դեկտեմբերից՝ ցույցերի մեկնարկից ի վեր արդեն 32-րդ քաղաքացին:
Վանկարկելով «մեկ բանակ, մեկ ազգ» կարգախոսը՝ ցուցարարները հասել են Սուդանի զինված ուժերի շտաբին, որի տարածքում են գտնվում նաև նախագահական պալատը և Պաշտպանության նախարարության շենքը:
Բողոքի երթի կազմակերպիչները հայտնել են, որ իրենց նպատակն է եղել ստիպել զինված ուժերին ընտրություն կատարել «ժողովրդի և բնռապետության» միջև: Ոստիկաններն արցունքաբեր գազի միջոցով նախագահական պալատի տարածքից ցրել են ցուցարարներին:
Հիշեցնենք, որ նման ցույցերը սկսվել էին դեռևս 2018թ.-ի դեկտեմբերին, սակայն ոստիկանությունը մինչ այժմ կոշտ միջոցներ է ձեռնարկել ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Սուդանի զինված ուժերը բողոքի ցույցերի ճնշման գործում ներգրավված չեն եղել:
Ակտիվիստներն ի սկզբանե բողոքել են հացի գների կտրուկ աճի դեմ, սակայն շուտով նրանց զայրույթն ուղղվել է երկրի նախագահի դեմ, ինչը հանգեցրել էր փետրվարին երկրում արտակարգ վիճակի սահմանմանը և հավաքների ազատության սահմանափակմանը: Չնայած դրան՝ մարդիկ շարունակում են նախագահի հրաժարականի պահանջով փողոց դուրս գալ:
Հիշեցնենք նաև, որ Օմար ալ Բաշիրն իշխանության է եկել 1989թ.-ին իսլամիստների կողմից հեղաշրջման արդյունքում:










