Թբիլիսիում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով 8 մարդ է տուժել

17:09 • 07.04.19

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտնել է, որ այսօր մայրաքաղաք Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թիվը 8-ի է հասել, գրում է ria.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 3 տուժածի մասին:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ընդ որում՝ նրանցից երկուսը շնչառական ուղիների այրվածքներ են ստացել, մյուսների վիճակը միջին ծանրության է գնահատվում:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր մայրաքաղաքի Դիգոմի զանգված շրջանում: Պայթյունի հետևանքով փլուզվել է բնակարաններից մեկի պատը: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Տեղի բնակիչներից շատերը հայտնել են, որ դեռ առավոտից են զգացել գազի հոտը և փորձել են կանչել գազամատակարարող ընկերության աշխատակիցներին:

Դեպքի առնչությամբ գազի անվտանգության կանոնների խախտման համար քրեական գործ է հարուցվել: