Երևան-Արմավիր միջպետական մայրուղու հարակից տարածքն ուզում ենք դարձնել ծառաստան. Սուրեն Պապիկյան

14:18 • 07.04.19

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ ծառատունկ է իրականացրել Երևան-Արմավիր միջպետական մայրուղու Ծաղկունք համայնքի հարակից տարածքում։ Ծառատունկին մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ  Դիանա Գասպարյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ:

Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 23-ի  համապետական շաբաթօրյակի ժամանակ այս տարածքը նախարարության աշխատակազմի կողմից ամբողջությամբ մաքրվել էր աղբից  և որոշվել էր  այստեղ իրականացնել ծառատունկ։

«Ուզում ենք այս տարածքը դարձնել ծառաստան, հիմա այդ աշխատանքներն ենք իրականացնում: Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց համայնքների տարածքներում ծառեր տնկել, կանաչապատել  և հոգ տանել  շրջակա միջավայրի նկատմամբ»,-ասել է նախարարը` հորդորելով  քաղաքացիներին արձագանքել  իր կոչին և ծառատունկի համար բարենպաստ այս շրջանում  բարեկարգել հարակից տարածքներն ու ծառեր տնկել:

Ծառատունկի ընթացքում նշված  տարածքում տնկվել է շուրջ 200 ծառ, այդ թվում`  հացենիներ, բարդիներ և մրգատու ծառեր: