Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակում է. Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք է մատուցել Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում՝ մասնավորապես նշելով. «Սա ևս մեկ միասնական պատասխանատվության հիշեցում է՝ դիմակայելու ցեղասպանության հիմքային պատճառներին՝ անարդարությանը, անհանդուրժողականությանը, խտրականությանը և ատելությանը: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակում է: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը հիշեցում է, որ ոչ մի քաղաքական նկատառում, բարոյական պատասխանատվության առումով ոչ մի փոխզիջում չի վերացնի այդ պատասխանատվությունը: Հուսով եմ, որ այս թանգարանը՝ որպես ցեղասպանության և դրա ժխտման դեմ պայքարի ամուր դրսևորում, բարոյապես ուժեղ կլինի դիմակայելու այդ հանցագործության ժխտմանը»:










