Ն. Զոհրաբյանը զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով, ԱԺ լսումներին մասնակցողները նրա հանձնաժողովում են գրանցվել. Ալեն Սիմոնյան
Նաիրա Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի հայտարարությանը, թե Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի:
Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, գրել է.
«Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է հրավիրել կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:
Եվ այսպես.
1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:
2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն. Զոհրաբյանն է:
3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը:
Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին:
Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել:
Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով: Դեռ այսքանը...»:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ուղիղ եթերում հայտարարել էր, որ Ստրասբուրգից հետևել է տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, որ փորձ է արվում անպարկեշտ կերպով մանիպուլյացիաներ անել, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան` դա համարելով «լկտի և անամոթ սուտ»:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ընթացակարգը և նշել, որ ԱԺ անվտանգությունը պահանջել է հանձնաժողովից տալ այն ՀԿ-ների անունները, որոնք պետք է մուտք գործեն ԱԺ շենք: Ըստ նրա` 40-ից ավելի ՀԿ զանգահարել և ցանկություն էև հայտնել մասնակցել` տեղյակ լինելով օրակարգի հարցերին:













