Բաղրամյան պողոտայի և Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկում մեքենան բախվել է արգելապատնեշին. կա տուժած

11:44 • 08.04.19

Ապրիլի 8-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան բախվել է գետնանցումի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա.Տ.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: