Ռումինիայում Սև ծովի ափին ավելի քան 130 կգ կոկաինով լի փաթեթներ են հայտնաբերվել

12:19 • 08.04.19

Ռումինիայում ալիքները Սև ծովի ափ են նետել կոկաինով լի տասնյակ փաթեթներ, որոնք ընդհանուր կշռում են ավելի քան 130 կգ: Այդ մասին հայտնում է Mediafax գործակալությունը:

Նշվում է, որ տեղի բնակիչները սկսել են թմրանյութերով լի փաթեթներ գտնել Սև ծովի ափին անցած ուրբաթ օրվանից: 

Կոնստանցա քաղաքի ոստիկանությունը կոչ է արել մարդկանց չբացել փաթեթները: Իրավապահների տվյալների համաձայն՝ թմրանյութերն ունեն բարձր կոնցենտրացիա, ինչը սպառնում է բոլոր նրանց կյանքին, ովքեր կգտնեն դրանք և կփորձեն օգտագործել:

Այժմ Ռումինիայի սևծովյան ափերին թմրավաճառության դեմ պայքարի շրջանակում մասշտաբային գործողություն է անցկացվում, որին մասնակցում է ավելի քան 300 ուժային, 2 ուղղաթիռ, նավեր:

Հիշեցնենք, որ մարտի վերջին ռումինական Սուլինա քաղաքի մոտ լքված նավում հայտնաբերվել էր ավելի քան 800 կգ կոկաին, որի արժեքը մոտավորապես 300 մլն եվրո է: Կասկածներ կան, որ նոր գտնված փաթեթներն այդ բեռի մաս են կազմում: