Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ Ստրասբուրգից հետևել է տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, որ փորձ է արվում անպարկեշտ կերպով մանիպուլյացիաներ անել, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան` դա համարելով «լկտի և անամոթ սուտ»:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ընթացակարգը և նշեց, որ ԱԺ անվտանգությունը պահանջել է հանձնաժողովից տալ այն ՀԿ-ների անունները, որոնք պետք է մուտք գործեն ԱԺ շենք: Ըստ նրա` 40-ից ավելի ՀԿ զանգահարել և ցանկություն է հայտնել մասնակցել` տեղյակ լինելով օրակարգի հարցերին:
Պատգամավորը խնդրեց Ալեն Սիմոնյանին հրապարակել Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, ապա նշեց, որ նման բան չի կարող հրապարակել, քանի որ այդպիսի հրավեր գոյություն չունի:
«Մենք չէինք կարող այն ՀԿ-ներին, որոնք ցանկացել են մասնակցել լսումներին, ԴՆԹ անալիզ անցկացնել, կամ հարցնել` հնարավոր է շեղվեն օրակարգից : Ինձ համար շոկ էր, որ ամբոնին մոտեցավ նշյալ անձնավարությունը և խոսեց օրակարգից դուրս»,- ասաց նա և նշեց, որ, թեև, իրեն օրենքով թույլատրված էր անջատել խոսափողը, սակայն քանի որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, իրեն թույլ չի տվել անել դա:
«Այն, ինչ տեղի ունեցավ, համարում եմ անարգանք ԱԺ-ի հասցեին, համարում եմ սաբոտաժ դահլիճում ներկա մի քանի ՀԿ-ների կողմից»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում










