Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն (տեսանյութ)
16:01
Գիշերը ում հետ ինչ ուզում անում եք, դա մեզ չի հետաքրքրում, մեր խնդիրն է, որ դա չքարոզեն, չգովազդեն: Այս մասին ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու ակցիայի ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վահագն Չախալյանը:
Նա նշեց, որ Հայաստանը ռեսուրս չունի այլասերություն տարածելու: «Հայաստանի Հանրապետությունը տարեց տարի նմանվել է մարող փեթակի, տարեցտարի մենք վերանում ենք»,-ահազանգեց նա:
Վահագն Չախալյանը նշեց, որ հավաքն ինքնաբուխ է, թեև անշուշտ հավաքվածների մեծամասնությունը սրտացավ մարդիկ են, սակայն նրանք, ովքեր այլ պահանջ են ներկայացնում, իրենց հետ չեն: «Մենք չենք եկել որևէ մեկի հրաժարականը պահանջենք, չենք եկել մեկին սևացնենք, մեկին բարձրացնենք, մեր պահանջը մեխանիզմ ստեղծելն է, որ բացառվի նման երևույթների կրկնությունը: Մեր ակցիան որևէ քաղաքական ուժի դեմ ուղղված չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի պարզաբանումներին, Վահագն Չախալյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը «ցրողական» պատասխան տվեց նման երևույթները բացառելուն ուղղված մեխանիզմների մշակմանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կլինի, եթե ԱԺ-ն օրհնելու կարգը չիրականացվի, նա նշեց, որ իհարկե աղետ չի լինի, սակայն դա ցույց կտա, որ ԱԺ-ում ուժեր կան, որ վախենում են քրիստոնեական խաչից և խնկից:
Վահագն Չախալյանը նշեց, որ հստակ ինֆորմացիա ունի, որ թշնամի երկիրը հսկայական ֆեյքերի բազա ունի, որոնք մեր դեմ են աշխատում:
15.35
Ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու ակցյայի շրջանակում, երբ Տեր Ղազար Պետրոսյանը զրուցում էր քաղաքացիների հետ, նրան մոտեցավ Տեր-Պետրոսը և նշեց, որ իր այցը պաշտոնական բնույթ է կրում և շուտով անելիքների մասին կհայտնեն:
«Հիմա Տեր Ղազարի հետ խորհդակցելու կարիք ունենք»,- ասաց նա:
Տեր Ղազարին դիմելով` բարկացած մի կին նշեց, որ հատուկ եկել է, որ քահանային հարցեր ուղղի: «Ինչ նպատակ եք հետապնդում, որ մեր ազգի ընտրյալների հետ այդ տոնով եք խոսում, շանտաժ եք անում ոստիկաններին, դուք խայտառակում եք Վազգեն Վեհափառի հիշատակը, քահանան փողոց չի փակում»,- ասաց նա:
15:24
Ազգային ժողովի դիմաց տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը եղել է ոչ թե ԱԺ նիստում, այլ խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում. «Եկեք արձանագրենք, դա Ազգային ժողովի նիստ չի եղել, ԱԺ պատգամավորներից ընդամենը 2 հոգի է ներկա եղել ամբողջ դահլիճում: Մեղադրել ԱԺ-ին, որևիցե քաղաքական ուժի, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին, պետք չէ»,- ասաց նա:
Այնուհետև ԱԺ փոխնախագահը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակից հոգևորականին և նրան հարց ուղղեց՝ «Ձեզ ո՞վ է ուղղորդել», ինչին ի պատասխան հոգևորականն ասաց. «Ես եմ եկել, ինչո՞ւ կամակատարի նման եմ, միքիչ հարցը սիրուն չհնչեց»:
«Հայ առաքելական եկեղեցին չի՞ կարող Ձեզ ուղղորդել»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը:
«Ներողություն, ես հայ մարդ եմ, քաղաքացի եմ և ես դեմ եմ այսպիսի այլանդակությունների քարոզին: Իմ խնդրանքը, որ Ձեր հարցերի մեջ վիրավորական տոն չլինի»,- ասաց հոգևորականը:
Ալեն Սիմոնյանի՝ «Դուք իրո՞ք եկեղեցական եք» հարցին, հոգևորականը պատասխանեց. «Այո, անունս Տեր Ղազար Պետրոսյան է, Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն եմ»:
Ծանոթությունից հետո Տեր Ղազար Պետրոսյանը Ալեն Սիմոնյանին ներկայացրեց Ազգային ժողովի դիմաց հավաքվելու և բողոքի ձայն բարձրացնելու պատճառը. «Օրեր առաջ մենք տեսանք, որ սրբապիղծ մարդիկ հասել են արդեն խորհրդարանի ամբիոնին և Եվրոպայից թխած ճառեր են ասում, որոնք հեչ չեն համապատասխանում մեր հայաստանյան իրականությանը: Սրա ամբողջ ծրագրային նպատակը մեր ժողովրդին ապականելն է և ամեն տեսակ պղծության վարժեցնելն է ու պղծելն է: Հետևաբար, մենք դեմ ենք այպիսի երևույթի, սա մեր, իմ, իմ ժողովրդի Ազգային ժողովն է: Մենք էլ վեր կացանք, եկանք Ազգային ժողով, որ մեր պատգամավորներին ասենք, որ այդպիսի բան չպետք է լինի»:
Հոգևորականը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները երկու պահանջ ունեն՝ առաջինը՝ օրհնության կարգ կատարել ԱԺ դահլիճում, նույն ամբիոնի մոտ և երկրորդ՝ «Սոդոմականությունը՝ ԼԳԲՏ-ն հանցագործություն է և անպայման պետք է պատժվի քրեական օրենսգրքով, նվազագույնը 4 տարի ազատազրկմամբ»:
«Մի ժպտացեք, շատ լուրջ եմ ասում, որովհետև Գրիգոր Լուսավորիչն է այդպես իր կանոնների մեջ դրել և ամբողջ եկեղեցական կանոնները, դատաստանագրքերը, աստվածաշնչյան օրենքները նույն են ասում: Նույն վարչապետն ասում է՝ ամեն օր աստվածաշունչ եմ կարդում և չգիտեմ ինչ անեմ այդ մարդկանց հետ, մենք իրեն կսովորեցնենք՝ ինչ անի: Աստվածաշնչում գրված է՝ մահապատիժ»,- նշեց Տեր Ղազար Պետրոսյանը:
Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է և պետք չէ պետությունն առաջ տանենք աստվածաշնչով. «Հայաստանը կա և լինելու է աշխարհիկ պետություն, որովհետև աստվածաշունչը դա է ասում: Ցավալի, որ դուք լավ չգիտեք աստվածաշունչը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ԱԺ դահլիճում օրհնության կարգ կատարելուն, Ալեն Սիմոնյանը նշեց. «Հատուկ ընթացակարգ գոյություն ունի: Ձեր առաջարկները հնարավորինս շուտ կքննարկեմ և Ձեզ տեղյակ կպահեմ»:
13:36
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պնդում են՝ նման երևույթները չպետք է տարածվեն:
«Դրանք դեմ են մեր ազգային արժանապատվությանը, ազգային հոգեկերտվածքին: Ով ուզում է այդ կյանքով ապրի, թող ապրի, մենք չենք ասում՝ գնդակահարել, ոչ, նրանք էլ մարդ են, ունեն կյանքի իրավունք, բայց մենք դեմ ենք, որ դրանք տարածում ստանան»,- ասաց նա՝ անդրադառնալով տրանսգենդերներին:
Ըստ պատգամավորի՝ մենք պատերազմող պետություն ենք, «այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, թողնեն տարածվեն նման երևույթները»:
«Հայաստանի Սահմանադրությունը, այլ օրենքները, բավական ընդարձակ իրավունքներ են տալիս նրանց: Նրանք ուզում են ամեն ինչ հասցնել նրան, որ ժողովուրդը հաշտվի դրա հետ: Այնինչ, այդ երևույթները չպետք է տարածում ստանան: Բավական է, որ վերացնենք մեր ավանդական արժեքները: Եթե մեր ժողովուրդը գոյապահպանման խնդիր չունենար, մենք վրդովված չէինք արտահայտվի, բայց գալ այլ բան խոսել…»,- մանրամասնեց Գ. Պետրոսյանը:
Պատգամավորն ասաց, որ թիվ մեկ քաղաքական մարմինը չի կարելի օգտագործել այլ նպատակներով: «Ավելորդ եվրոպացի երևալը պետք է թողնենք ու մտածենք մեր երկրի մասին: Ժողովուրդը մեզ գործուղել է ԱԺ, որ ամրացնենք մեր պետությունը, ոչ թե քանդենք, իսկ սա պետականաքանդ գործընթաց է»,- հավելեց նա:
Պետրոսյանն ասաց, որ ինքը խտրականություն չի ցուցաբերում:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ չի կարելի տուրք տալ ավելորդ եվրոպամոլությանը:
«Մենք այնպիսի բյուջե չունենք, որ վարձկաններ պահենք, մենք ծնելիության աճ պետք է խրախուսենք: Ձեզ հայտնի՞ է, որ երկու արական սեռի ներկայացուցիչներից մարդ գոյանա: Ինձ հայտնի չէ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ի՞նչն է իրենց պակասում, որ ԱԺ-ն փորձում են հարթակ դարձնել հարցերը լուծելու համար: «Ոչ մի նահանջ մենք չենք ունենալու, օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ հարցը լուծենք: Զինվորը, որ գնում է մարտի դաշտ, ենթագիտակցորեն պաշտպանում է իր ընտանիքը: Որ ընտանիքը աղավաղվեց, լավ չէ»,- նշեց ԲՀԿ-ականը:
13:06
Սրբապիղծ քարոզ է հնչել ԱԺ-ի բարձր ամբիոնից, որը հայ ազգի գլխավոր ամբիոնն է, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այս այլանդակության դեմն առնենք, և քանի որ այս կառույցը ղեկավարում է Արարատ Միրզոյանը, թող գա և մեզ պատասխան տա:
Քահանան հայտնեց, որ պետք է գնան և օրհնեն խորհրդարանը, սրբագործեն այն:
Այս մասին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց բողոքի ակցիայի մասնակից քահանան:
Հարցին, թե չի կարծում, որ որոշակի առումով նման կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները ոտնահարվում են, և յուրաքանրյուրն ունի խոսելու իրավունք, հոգևորականն ասաց, որ խոսքի ազատություն է, և ով ինչ ուզի կարող է ասել. «Բայց երբ մարդու խոսքը նպատակասլաց տվյալ ժողովրդին բարոյազրկելու, հանցանքների մեջ ներգարվելու մասին է... օրինակ, ի՞նչ եք կարծում մի գող մարդ կգա՞ր, կբարձրանա՞ր ԱԺ ամբիոն և կասեր՝ ժողովուրդ ջան, մինչև հիմա որ ասել ենք գողությունը սխալ է, հանցագործություն է, ի՞նչ եք խոսում, գիտեք, գողությունը շատ լավ բան է, գիտեք, մեզ` գողերիս, ինչքան են ծեծել, նույնիսկ սպանել, գիտեք ախր մեր՝ գողերիս իրավունքներն են ոտնահարում, կամ մարդասպանը կգա՞ր կասեր՝ Դարվինի էվուլյուցիոն մարդը առյուծից է, ես էլ հոշոտել եմ, սոդոմականը գա ասի՝ Աստված սխալ է ստեղծել ձեզ, դուք իրավունք ունե՞ք... տղամարդը տղամարդու հետ այլանդակություն անելը, Սուրբ Ավետարանում ասում են՝ սրբապղծություն է»:
Դիտարկմանը, թե ասում են, որ ժամանակին եկեղեցին գիտությունն էլ չէր ընդունում, քահանան ասաց, որ նույն թխած տեքստերով այսօր էլ փորձում են խոսել. «Ի՞նչն էր թխած. Եվրոպայում, միգուցե, դարերի ընթացքում կաթոլիկ պապը մարդ էր վառել, հայ ժողովուրդ, պատմության ո՞ր էջում է գրված, որ հայոց եկեղեցին մարդ է վառել, ոչ մի:
Բա մենք եկեղեցի ասելով` հայ եկեղեցին ենք պատկերացնում»:
Այս պահին հոգևորականը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլ քաղաքացիներ, սպասում են, որ ԱԺ անվտանգությունը թողնի նրանց բարձրանան նիստերի դահլիճ:
12:12
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին հնարավորություն և հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը:
Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:
Հիշեցնենք նաև, որ նրա ելույթին արձագանքեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ այն դիտարկելով անարգանք հանձնաժողովի, ԱԺ-ի նկատմամբ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտել է օրակարգը:










