ՀՀ նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։
Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար:
Հայաստանի նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության և գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրեր:
Նշելով, որ տեղյակ է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսվել այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ, որը հայտնի է դեռևս խորհրդային տարիներից։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։
Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ-պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը: «Հայաստանը և Պորտուգալիան հրաշալի երկրներ են և միմյանց բացահայտելու կարիք ունեն»,- նշել է նախագահը։
Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրների միջև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին` պայմանավորվելով ուսումնասիրել հարցը:










