ԱՄՆ ՆԳ նախարարը հրաժարական է տվել Թրամփի՝ մի քանի ամիս շարունակված քննադատությունից հետո
Միացյալ Նահանգների ներքին անվտանգության վարչության քարտուղար Կրիստյեն Նիլսենը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփին, որը ամիսներ շարունակ սպառնում էր պաշտոնանկ անել Նիլսենին սահմանում ներգաղթյալների հետ կապված կուտակումների պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
«Ներքին անվտանգության վարչության քարտուղարը կլքի իր պաշտոնը: Շնորհակալ եմ նրան իր մատուցած ծառայության համար»,-Twitter-ում գրել է նախագահը:
Թրամփը մանրամասնել է, որ Նիլսենին այս պաշտոնում կփոխարինի Քևին ՄքԱլինանը:
«Ես վստահ եմ, որ Քևին հրաշալի կաշխատի»,-հավելել է նախագահը:
Բացի այդ Թրամփը տեղեկացրել է, որ Մեքսիկայի հետ հարավային սահմանին մեծ քանակությամբ փախստականներ են ձերբակալվել: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում սահմանին շատ ավելի մարդ է ձերբակալվել, քանի անցած մի քանի տարում:
Նախագահը սպառնացել է փակել սահմանը, եթե Կոնգեսի դեմոկրատ անդամները չհամաձայնեն միգրացիոն համակարգի բարեփոխմանը:
Թրամփը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մեքսիկայի հետ սահմանը հանցագործության և թմրանյութերի «ներթափանցման» ճանապարհ է:
«Հարկ եղած դեպքում՝ կփակեմ այդ սահմանը»,-գրել է Թրամփը:












