Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից իրեն վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչ ընտրությունների երկրորդ փուլի մեկնարկն իրեն վերադարձնի իր ուկրաինական անձնագիրը:
Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, որին կմասնակցեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Պյոտր Ալեքսեևիչ, Դուք ասում եք, թե փոխվել եք, թե ուզում եք օրենքով ապրել: Ահա Ձեզ հասարակ թեստ, թե որքանով է դա այդպես: Մոտ երկու տարի առաջ, օգտվելով այն հանգամանքից, որ երկրում չեմ, դուք զրկեցիք ինձ քաղաքացիությունից: Ինձ քաղաքացիությունից զրկել եք ուկրաինական օրենսդրությունը և միջազգային նորմերը խախտելով, որովհետև չի կարելի զրկել քաղաքացիությունից մարդուն, որը չունի այլ երկրի քաղաքացիություն: Ահա մի պարզ հարց Ձեզ՝ կարո՞ղ եք վերականգնել օրինականությունը, վերադարձնել ինձ իմ ուկրաինական անձնագիրը և ինձ թողնել Ուկրաինա»,- ասել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում տեղադրված տեսաուղերձում:
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին: Հայրենիքում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցված:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










