Չինաստանում ավելի քան 1000 զինվորական և հրշեջ պայքարում է կրկին բռնկված անտառային հրդեհների դեմ
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի հեռավոր լեռներում նոր թափով բռնկված անտառային հրդեհները չի հաջողվում մարել: Կրակի դեմ պայքարում է շուրջ 1000 զինվորական և հրշեջ: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Մարտի 30-ին բռնկված չարաբաստիկ հրդեհը խլել էր 30 հրշեջի կյանք: Ապրիլի 2-ին կրակը հաջողվել էր մարել, սակայն ուժեղ քամիների պատճառով այն նոր ուժով է բռնկվել: Բացի այդ, առաջացել է ևս երկու օջախ՝ Ուեսիի և Մյաննինի շրջաններում:
Վերջին տեղեկություններով՝ հրդեհի դեմ պայքարի համար ուղարկվել է երեք ուղղաթիռ: Ավելի քան հազար զինվորական ու հրշեջ, ինչպես նաև Չինաստանի բնակիչներ փորձում են մարել կրակը: Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 9000 մարդ:










