Տրանսգենդերի ելույթը պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի», այլ ԲՀԿ-ի դեմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

18:56 • 09.04.19

Այո, դա պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայլի»:

«Այսօր ես ասում եմ, որ մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները, այդ «ռիչակներն ունի», որ հանձնարարի, երկու ժամում կբացահայտեն, և մենք շատ շնորհակալ կլինենք, և ժողովուրդն էլ ազնիվ կիմանա, թե այդ պրովոկատորներն ովքեր են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ելույթ էր ունեցել տրանսգենդեր: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ օրակարգից դուրս է ելույթ ունեցել, և նշել էր, որ նախապես կազմակերպված է եղել նրանց ելույթը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, այս թեմային անդրադառնալով, ասել էր, որ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել է ելույթների ցուցակը:

«Երբ իմացա, որ այդպիսի բան է եղել, մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, և նա ընդհանրապես համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրը պրովոկացիա կազմակերպելն ու թիրախները «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»,- նշել էր նա: