Թող բոլորը՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, պահպանողականները պատասխանեն այս հարցին՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ. վարչապետ

11:27 • 09.04.19

Թող իրենք որոշեն, իրենք քաղաքացի ե՞ն, թե՞ քաղաքացի չեն, եթե քաղաքացի են, իրենց տոնն է, եթե քաղաքացի չեն ո՞նց կարող է իրենց տոնը լինել, դա քաղաքացու տոնն է. այս մասին Նորագավիթի մաքսատանը լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք «մերժվածների» տոնն էլ պետք է լինի այդ օրը:

Իսկ թե ինչպես պետք է նշվի այդ օրը, վարչապետն ասաց, որ դա պետք է քաղաքացին որոշի: «Կարող է մեկը որոշում է, որ անցած տարի մանղալը հանում է և Մաշտոցի պողոտայում դնում ու խորոված անում»,- ասաց նա:

Հարցին էլ՝ վարչապետն ինչպե՞ս է տոնելու, նա ասաց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, հնարավոր է ես էլ միանամ»:

Վարչապետը նաև անդրադարձավ ապրիլի 5-ին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված լսումների ժամանակ ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:

«Ինչքան հասկացա՝ Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առջև հարց են դնում՝ էս ի՞նչ է կատարվում և այլն: 2015 թվականին Հայաստանի պահպանողական, ընտանեկան և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք  են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է  Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է, սեռը՝ արական: Հիմա հանրապետականների շարքում դա ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է, էդ ի՞նչ հարցեր են դնում: Այն պահին, երբ նրանք այդ մարդուն տվել են ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անունը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել են ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով՝ առանց բացառության: Ես, որ իրենց ասում էի գեյ ակտիվիստ են, չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, էդ ո՞ւմ են ինչի մեջ մեղադրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը՝ ԲՀԿ-ն է բողոքում, Փաշինյանն արձագանքեց. «Իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Երբ իմացա, որ այդպիսի բան է եղել, մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է  հեղափոխության և կառավարության դեմ: Բայց սրանից բացի կա այլ երես՝  դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, ՀՀ-ում Հանրապետական կուսակցության օրոք քաղաքացու անձնագիր ստացածը մա՞րդ է, թե՞ մարդ չէ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները, մա՞րդ է, թե՞ մարդ չէ, եկեք սկսենք այս եզրույթից»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց, որ այն վերաբերմունքը, որ ցուցաբերեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: «Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, և նա ընդհանրապես համապատասխանո՞ւմ է, այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրը պրովոկացիա կազմակերպելն ու թիրախները «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»,- եզրափակեց նա:


Ամալյա Առաքելյան