Պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ, դրոշի նկատմամբ նման վերաբերմունք չեմ հանդուրժի. Փաշինյանը՝ մաքսատան միջադեպի մասին
Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատանը շրջելիս Նիկոլ Փաշինյանը մտել էր մաքսատան աշխատասենյակներից մեկը և դուրս գալուց հետո հարցրել, թե քանի մարդ է աշխատում այդ սենյակում:
«Երկո՞ւ, երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»,-ասել էր Փաշինյանը:
«Ո՞նց կարող է մարդը դրոշը իրենից ցածր դնել, ամեն օր գնաս աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն–ազգանունով կտաք»- ավելի ուշ ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նաև, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ քայլեր ձեռնարկել:
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:










