ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է արել իշխանություններին հետաքննել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը
Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Այս մասին նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ-ի ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:
Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը:
Հետևաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏ-ի համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը և նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին: Խտրականության դեմ և հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։
Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ և այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ելույթ էր ունեցել տրանսգենդեր: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ օրակարգից դուրս է ելույթ ունեցել, և նշել էր, որ նախապես կազմակերպված է եղել նրա ելույթը:










