Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները Ցեղասպանության հարցով պառկած ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում

17:02 • 09.04.19

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիան ապրիլի 7-ին Los Angeles Lakers և Utah Jazz բասկետբոլային թիմերի հանդիպումից հետո պառկած բողոքի ակցիա է իրականացրել «Սթեյփլս Սենթր» մարզահամերգային համալիրի մոտ՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա:

Ինչպես նշում է Asbarez-ը, ակցիայի մասնակիցները լուռ պառկել են մայթին՝ իրենց վրա սևեռելով բասկետբոլային հանդիպումից հետո համալիրից դուրս եկող հազարավոր երկրպագուների ուշադրությունը:

Բացի այդ, Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամներն իրենց ձեռքում պահել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաստառներ:

«Մենք այստեղ ենք հանրությանը Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափների մասին իրազեկելու, ինչպես նաև պատմելու համար, որ արդարությունն ըստ հավուր պատշաճի չի հաստատվել, հայ ժողովուրդը փոխհատուցում չի ստացել»,-հայտարարել է  ֆեդերացիայի Հայ դատի հանձնաժողովի համանախագահ Հակոբ Հաջիբեկյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հայկական երիտասարդական ֆեդերացիան հաջորդիվ պատրաստվում է մասնակցել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին կազմակերպվելիք Արդարության երթին, որն ավարտվելու է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ: