Անգելա Մերկելը մոռացել է դիմավորել Թերեզա Մեյին Բեռլինում (տեսանյութ)

21:26 • 09.04.19

ԵՄ կազմից Մեծ բրիտանիայի դուրս գալու հարցը քննարկելու համար Բեռլին ժամանած վարչապետ Թերեզա Մեյին չեն դիմավորել մուտքի մոտ, երբ վերջինս իջել է մեքենայից: Կատարվածի վրա ուշադրություն է հրավիրել The Independent-ը:

Սոցցանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ բրիտանացի վարչապետը, մեքենայից դուրս գալով, միայնակ անցնում է կարմիր գորգով և մտնում շենք: Ավանդույթի համաձայն՝ հյուրերին դիմավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն այս անգամ Մեյին ոչ ոք չի ուղեկցել:

Րոպեներ անց, երբ վարչապետն արդեն ներս էր մտել, և նրան հետևել էին լրագրողները, նա վերադառնում է Մերկելի ուղեկցությամբ: Գործիչները ողջունում են միմյանց տեսախցիկների առաջ և ձեռք սեղմում:

Նշենք, որ բանակցությունների ավարտին երկու կողմն էլ ընդգծել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի կազմակերպված դուրս գալու անհրաժեշտության կարևորությունը: