Գողության փորձ՝ գրասենյակից. ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՍՊ ընկերության գրասենյակից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 10-ին, ժամը 05:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ուժ գործադրելու միջոցով բացել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող գրասենյակի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է՝ առանց որևէ բան հափշտակելու:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել է գրասենյակում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:










