ԱՄՆ-ն Ջամալ Խաշոգջիի սպանության առնչությամբ արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացու մուտքը երկիր

11:12 • 09.04.19

Միացյալ Նահանգների իշխանությունները սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության առնչությամբ Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացու մուտքն ԱՄՆ արգելելու մասին որոշում են կայացրել, գրում է The Washington Post պարբերականը: Նշենք, որ Խաշոգջին նաև The Washington Post պարբերականի սյունակագիրներից էր:

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ, ըստ օրենքի, օտարերկրյա այն պաշտոնյաները, որոնք ներգրավված են խոշոր կոռուպցիայի կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ենթակա չեն երկիր մուտք գործելու:

Որպես արգելքի պատճառ՝ ամերիկյան իշխանությունները նշել են Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների դերը Ջամալ Խաշոգջիի սպանության գործում: Պետքարտուղարությունն այլ պարզաբանումներ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ աշնանն ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: