Հացադուլ հայտարարած նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին ՊՆ-ն կուղարկի Գերմանիա՝ բուժվելու

14:03 • 09.04.19

Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին Պաշտպանության նախարարությունը կուղարկի Գերմանիա՝ բուժման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:

«Ինձ երկուշաբթի օրն ընդունեց Պաշտպանության նախարարության գեներալներից մեկը: Ասաց, որ վիզայի խնդիրը կկարգավորեն, որ կարողանան ուղարկել ինձ Գերմանիա»,- ասաց նախկին զինծառայողը:

Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրվանից արդեն դադարեցրել էր հացադուլը, քանի որ արդեն խոստացել էին, որ կընդունեն իրեն:

Հակոբյանը, անդրադառնալով ՊՆ-ի տարածած այն հայտարարությանը, թե իր վնասվածքները ծառայության ընթացքում չի ստացել, նշեց, որ ինքը հայտարարությունը տարածելուց հետո զանգահարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին և պարզաբանում խնդրել: «Ես պարոն Արծրուն Հովհաննիսյանից հարցրել եմ՝ ինչո՞ւ են նման բան տարածում, չկա նման բան: Նա ասել է, թե իրեն այդպես են նախարարությունից ասել: Ես խնդրեցի, որ նա ընդունի թե´ ինձ, թե´ այդպես զեկուցողներին, որ հասկանանք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը ապրիլի 4-ից Պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ էր անում: Նրա պնդմամբ՝ առողջական խնդիրներից հետո իրեն երկու անգամ վիրահատել են Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, երկու անգամն էլ սխալ վիրահատություն է եղել: Նա ՊՆ-ից պահանջում էր, որ կատարեն խոստումը և իրեն ուղարկեն բուժվելու կամ ապահովեն աշխատանքով:

Ավելի ուշ հայտարարություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը, որում, մասնավորապես, նշվում էր, թե Դավիթ Հակոբյանի հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:


Ամալյա Առաքելյան