Պակիստանցի տղամարդը խնդրում է իր 150 կգ կշռող ոտքն անդամահատել

14:29 • 09.04.19

Պակիստանի Փենջաբի նահանգի Գուջրանվալա քաղաքի 40-ամյա բնակիչ Մուհամադ Մուշթաքը խնդրում է անդամահատել իր ոտքը, որը հիվանդության պատճառով մեծացել է և կշռում է 150 կիլոգրամ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Երկու տարի առաջ տղամարդը ոտքի ազդրի վրա փոքրիկ ուռուցք էր նկատել: Այն սկսել էր արագ աճել և ընդամենը երեք ամիս անց արդեն չէր տեղավորվում հագուստի տակ: Միայն դրանից հետո է Մուշթաքը որոշել բժշկի դիմել, և նրա մոտ ախտորոշել են «փղային» հիվանդություն. ավշի լճացման հետևանքով մեծանում է մարմնի մասերից որևէ մեկը:

Ժամանակի ընթացքում Մուշթաքի ոտքն ավելի է մեծացել և ծանրացել՝ զրկելով նրան քայլելու հնարավորությունից և աշխատանքից: Հիմա նրա մասին հոգ են տանում եղբայրն ու հարսը: Ֆիզիկական ակտիվության բացակայության հետևանքով Մուշթաքը գիրացել է՝ կշռելով 298 կգ: Նրան մի տեղից մյուսը տեղափոխելու համար պահանջվում է 6 մարդու միջամտություն:

Բժիշկը վիրահատական միջամտությունը համարում է վտանգավոր և հրաժարվում է վիրահատել հիվանդին: Մուշթաքը հույս ունի, որ Պակիստանի կառավարությունը կաջակցի այլ բժիշկ գտնելու հարցում, որը կկարողանա օգնել իրեն:

«Եթե ոտքս փրկելն անհնար է, խնդիր չէ, թող անդամահատեն այն»,- խնդրել է Մուշթաքը: