Օսիպյանն ասում է ՝ պետհամարանիշերի թիթեղը հասել է Փոթի, крепитесь, запад нам поможет. Նորագավիթի մաքսատնից պետհամարանիշերի հարցով վարչապետը զանգահարեց ՀՀ ոստիկանապետին (տեսանյութ)
Նորագավիթի մաքսատանը քաղաքացին մոտեցավ ՀՀ վարչապետին և հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի. «Ոչ ոքի չեն տրամադրում, մենք երեկ մեքենաները գրանցել ենք, ոչ մի մեքենայի պետհամարանիշ չեն տալիս, ասում են՝ թիթեղ չունենք»,-ասաց քաղաքացին, նշելով, որ խոսքը հայկական համարանիշի մասին է:
Վարչապետն ասաց, որ հենց այս պահին կճշտի և զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-հարցրեց Փաշինյանը:
Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, թիթեղ չկա, որովհետև նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել:
Վարչապետի դիտարկմանը, թե պետք էր կանխատեսել, Օսիպյանն ասաց, թե գերազանցել է անգամ իրենց կանխատեսած թիվը: «Դե արագացրեք»,-ասաց վարչապետը:
Հեռախոսազրույցից հետո ՊԵԿ աշխատակիցն ասաց, որ այս տարվա ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 տոկոսով ավելի մեքենա է մաքսազերծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
«Օսիպյանն ասում է, որ կանխատեսել են, բայց կանխատեսածից ավելի է եղել, հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան, ասում է՝ крепитесь, запад нам поможет»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության լրատվական վարչությունը պարզաբանում էր տարածել պետհամարանիշերի վերաբերյալ, նշելով, որ երեկ առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:
«Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:
Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»:
Վարչապետը պատասխանեց նաև «Սպայկա» ընկերության հարկային պարտավորությունների և ընկերության տնօրենին կալանավորելու մասին լրագրողների հարցին՝ նշելով, որ ինքն իրավապահներին ասել է, որ օրենքով սահմանված կարգով հետաքննեն գործը և այնպես անեն, որ ընկերության աշխատանքը չխաթարվի։
«Ես իրավապահ մարմիններին ասել եմ, որ ինչպես օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ այդ աշխատանքային, արտահանման պրոցեսը չխաթարվի և, բնականաբար, իմ այս հրահանգը ընկել է որոշ մարդկանց ականջը: Նրանք սրանից առիթավորվել են և սկսել են քննիչների հետ խոսել ձեռք առնելով, արհամարհանքով և քննչական մարմիններն էլ խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չե՞նք կարող հետաքննել: Ես, բնականաբար, չեմ կարող որևէ գործի քննությանը խոչընդոտել, և պարզ է եղել հետևյալ ընկալումը՝ ինչ անհրաժեշտ է օբյեկտիվ քննության համար, պետք է տեղի ունենա»,- ասաց նա։










