Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ քայլեր ձեռնարկել: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»:
Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատանը շրջելիս Նիկոլ Փաշինյանը մտավ մաքսատան աշխատասենյակներից մեկը և դուրս գալուց հետո հարցրեց, թե քանի մարդ է աշխատում այդ սենյակում:
«Երկո՞ւ, երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»,-ասաց Փաշինյանը:
«Ո՞նց կարող է մարդը դրոշը իրենից ցածր դնել, ամեն օր գնաս աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն–ազգանունով կտաք»- ասաց Նիկոլ Փաշինյանը:










