Թաիլանդում այրվող ավտոբուսի վարորդը փրկել է 39 ուղևորներին

17:59 • 09.04.19

Թաիլանդի Չիանգմայ քաղաքից Չիանգրայ մեկնող միջքաղաքային երկհարկանի ավտոբուսը բռնկվել և ամբողջությամբ այրվել է մայրուղում, սակայն վարորդին հաջողվել է փրկել բոլոր ուղևորներին, հաղորդում է РИА Новости-ն՝ տեղական հեռուստաալիքին հղումով:

Վթարը տեղի է ունեցել երկրի 2 հյուսիսային քաղաքները կապող մայրուղու 40-րդ կիլոմետրի վրա: Վարորդը հայելու մեջ տեսել է ավտոբուսի հետևի անվադողերից մեկից բարձրացող ծուխը, որից անմիջապես հետո բացել է դուռն ու բղավել, որ բոլոր ուղևորները լքեն ավտոբուսը:

Մինչ վարորդը և 39 ուղևորները դուրս են եկել ավտոբուսի առաջնամասի դռնից, բռնկված հրդեհը սկսել է ոչնչացնել ավտոբուսի հետևի մասը, որտեղ տեղակայված են եղել շարժիչն ու վառելիքը:

Հաղորդվում է, որ բոլոր ուղևորները վարորդի հետ միասին հասցրել են լքել ավտոբուսը, որից հետո կրակն ամբողջությամբ կլանել է այն:

Վթարի վայր ժամանած հրշեջներից կրակը մարելու համար 45 րոպե է պահանջվել, սակայն մինչ այդ ավտոբուսն արդեն ամբողջությամբ այրված է եղել: Հրդեհի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է տարվում: