Ղազախստանի մայրաքաղաքի երկաթուղային կայարանը վերանվանվել է «Նուր-Սուլթան»

18:36 • 09.04.19

Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող «Աստանա-1» երկաթուղային կայարանը վերանվանվել է «Նուր-Սուլթան»՝ երկրի վարչապետի ստորագրած որոշման համաձայն:

Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հիշեցնելով, որ Ղազախստանի առաջին նախագահի անունը մարտի 23-ից կրում է նաև երկրի մայրաքաղաքը, որը նախկինում կոչվել է Աստանա: Մայրաքաղաքը վերանվանելու առաջարկով հանդես էր եկել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևը:

Վերջինս երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնել է մարտի 20-ին՝ Նազարբաևի հրաժարականից հետո:

Նուրսուլթան Նազարբաևի անունով պայմանավորվել են անվանել նաև քաղաքների կենտրոնական փողոցները:

Երկու տարի առաջ նրա պատվին անվանվել է երկրի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը: