Մոսկովյան դատարանը 3 ամսով երկարաձգել է Baring Vostok-ի գործով մեղադրյալ հանդիսացողների, այդ թվում և Վահան Աբգարյանի կալանքը

21:14 • 10.04.19

Մոսկվայի Բասմանյան դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է «Վոստոչնի» բանկից 2,5 մլրդ ռուբլի յուրացնելու մասին գործով մեղադրվող երեք անձանց կալանքի ժամկետը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դատարանի մամլո քարտուղար Յունոնա Ցարևան:

«Դատարանը բավարարել է միջնորդությունը Baring Vostok հիմնադրամի տնօրեն Իվան Զյուզինի, մեդիա ոլորտի գործընկեր Վահան Աբգարյանի և Մաքսիմ Վլադիմիրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը երկարաձգելու մասին», - ասել է դատարանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ մեղադրյալները կալանքի տակ կմնան մինչև հուլիսի 14-ը: 

Դատարանն ավելի վաղ նույն ժամկետով երկարաձգել էր Baring Vostok-ի մենեջեր, ֆրանսիացի Ֆիլիպ Դելպալի կալանքը:

Ապրիլի 11-ին դատարանը կքննի ամերիկացի ներդրող, Baring Vostok-ի հիմնադիր Մայքլ Կալվիի և «Վոստոչնի» բանկի նախկին ղեկավար Ալեքսեյ Կորդիչևի տնային կալանքի հարցը:

Մոսկովյան դատարանը գումարի յուրացման գործով մեղադրյալ հանդիսացող անձանց երկու ամսով կալանավորման որոշում էր կայացրել փետրվարին: