ՀՀ-ի ու Ադրբեջանի ռազմական ղեկավարներն իջել են քարոզչական դաշտ, սակայն պատերազմի զսպումը հայտարարություններով չի լինում. ռազմական փորձագետ

21:34 • 10.04.19

Պատերազմական կարծրացած հռետորաբանությանը սովորաբար պատերազմ չի հաջորդում, մինչ ռազմական գործողություն սկսելը ձգտում են պահել գաղտնիությունը, հիմա քարոզչական պատերազմ է ներքին սպառման համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից հնչեցրած կոշտ հայտարարություններին:

«Եթե հիշեք 2016 թ. ապրիլի լայնածավալ ռազմական գործողությունները, ապա դրանց նախորդում էր ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կարծես թե, այս հանդիպումները իրական նպատակ ունեին հակամարտության լուծման հետ կապված որոշակի աշխատանքներ տանելու, բայց երկու նախագահների՝ ԱՄՆ-ում գտնվելու պարագայում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը անցան հարձակման:

Կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը լավ գիտի՝ ինչ ասել է լայնածավալ ռազմական գործողություններ, նվազագույնը պետք է իր երկրում բավականին մեծ իշխանություն ունեցող անգլիական British Petrolum-ի լուռ համաձայնությունը լինի, որովհետև այդ ժամանակ վնասվելու են նաև այդ ընկերության շահերը: Որևիցե երաշխիք չկա, որ մեր կողմից հարվածներ չեն հասցվի նավթահորերին, ենթակառուցվածքներին»,-նշեց նա:

Հարցին՝ գուցե մեր հետախուզությունը տվյալներ ունի Ադրբեջանի հնարավոր գործողությունների վերաբերյալ, այդ պատճառով է Դավիթ Տոնոյանը կոշտ հայտարարություններ կատարում ՝ փորձելով զսպել հնարավոր գործողությունները, զգուշացնելով, որ անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում, ռազմական փորձագետն ասաց. «Զսպումը հայտարարություններով չի լինում, այլ գործողություններով, հակառակորդը լավ գիտի, որ իր դիվերսիոն հետախուզական ստորաբաժանումների թափանցումն Արցախի ինքնապաշտպանական ուժերի տարածք խստորեն պատժվելու է, հայկական կողմը այդ առումով բավականին խորքային տիրապետում է իրավիճակին և կարող է կանխարգելել, որոշիչ հարվածներ հասցնել:

Այդ առումով կարևորում եմ նաև, որ մեր ռազմական գերատեսչության ղեկավարն ասաց, որ Ադրբեջանի համար նոր պատերազմը կարող է հանգեցնել նոր տարածքների կորստի, իսկ մենք որ վստահաբար կարող ենք այդպես անել, թող հակառակորդը երբևիցե չկասկածի: Փաստորեն քարոզչական դաշտ են իջել ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ովքեր իրենց կարծր դիրքորոշումն են հանդես բերում:

Ի՞նչ եք կարծում, ռազմական գերատեսչությունների ղեկավարները ասելո՞ւ են խաղաղ բանակցություններ, զինադադարի ռեժիմի կայունացում, ո՛չ, ռազմական գերատեսչության ղեկավարը պետք է լրիվ հակառակը ասի: Շատ ավելի մեղմ շեշտադրումներով ասվում է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կողմից: Կարծր դիրքորոշումներին զուգընթաց տարվում է ժողովրդական դիվանագիտության էլեմենտների օգտագործմամբ խաղաղության քարոզ, որով ասվում է՝ ՀՀ-ն, այո, կողմ է, հետամուտ է, որ հարևաների հետ խաղաղ գոյակցություն ապահովենք»,-ընդգծեց նա:

Հայկ Նահապետյանը վստահ է, որ մենք այսօր ոչ միայն պատրաստ ենք պատերազմի, այլև կարող ենք մեր խնդիր դնել և ընդլայնել տարածքները: «Պատրաստ ենք նաև ազատել այն տարածքները, որոնք այսօր հանիրավի գտնվում են Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ, խոսքը վերաբերում է ԼՂ ինքնավար մարզի այն տարածքներին, որոնք խորհրդային տարիներին համարվել էին այդ մարզի վարչատարածքային միավորներ, էլ չեմ ասում Շահումյանի ենթաշրջան, Մարտունաշեն և այլն»,-նկատեց նա: