Հեղափոխության սլաքները բոլոր հեռուստաընկերություններ չեն հասել, հաղորդավարը փորձում է նվաստացնել և վիրավորել բանախոսին. «Իմ քայլի» պատգամավոր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց որոշ հեռուստաընկերությունների հակահեղափոխական գործունեության մասին:
«Ասացիք, որ քաղաքական պրոցեսներն ազդել են ձեր հանձնաժողովի անկաշկանդ գործունեության վրա, բայց, այնուամենայնիվ, հեղափոխության սլաքները բոլոր հեռուստաընկերություններ չեն հասել: Խոսքս, մասնավորապես, երկխոսություն ենթադրող, քաղաքական կոնտենտ ունեցող հաղորդումների մասին է, իհարկե ոչ բոլորի, բայց երբ հաղորդավարը, կարծես, իր առաջ խնդիր է դնում ոչ թե վեր հանել տվյալ պահին երկրի ներսում ընթացքող կամ արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցերը, այլ փորձում է նվաստացնել և վիրավորել ոչ միայն բանախոսին, այլև տվյալ բանախոսի կողմից ներկայացվող քաղաքական ուժին»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ո՛չ հանձնաժողովը, ո՛չ պատգամավորները և ոչ էլ որևէ մեկն իրավունք չունի միջամտել հեռուստառադիոընկերությունների խմբագրական քաղաքականության մեջ: «Սա բազային խոսքի ազատության հիմնաքարերից մեկն է, դուր է գալիս Ձեզ հաղորդավարը, դուր չի գալիս, դա կարգավորում է օրենքով: Բայց կա մի շատ կարևոր հանգամանք. բազմաթիվ երկրներում՝ և՛ քաղաքակիրթ և՛ ոչ, գոնե լրատվական հաղորդումների անաչառությունը կարգավորում է օրենքով, մեր մոտ այդ բանը չկա: Մենք պետք է լոբբիստական գործունեությամբ զբաղվենք, որ գոնե լուրերն անաչառության սկզբունքը պահենք՝ ինչպես աշխարհի շատ երկրներում»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ սա ինչ-որ չափով կկարգավորի. «Այն, ինչ կատարվում է լրատվական հաղորդումների ժամանակ, խայտառակություն է, և քանի որ օրենքով չի կարգավորվում, ստիպված էինք նույնիսկ հայտարարությամբ հանդես գալ, որ դա անթույլատրելի է, մնացած դեպքում անկախ հեռուստաընկերություններ են»,-ասաց նա:










