Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց չենք կարողացել ունենալ արդարություն ապահովող համակարգ. Ն. Փաշինյան
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարին ամփոփող միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, սակայն որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնցից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ անկախության հռչակման առաջին օրից խոսում ենք անկախ դատական համակարգի մասին, բայց չենք կարողացել ունենալ այնպիսի համակարգ, որ ապահովի արդարություն:
«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, այլ ցանկանում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և երաշխավորել մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է և այդ հարցն առաջին օրից եղել է մեր օրակարգում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության գործունեությանը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն այս տրամաբանությունից դուրս գործել, նրանք փաստորեն գործում են ՀՀ կառավարության, ժողովրդի դեմ:
Նա նաև կարևորեց, որ դատական համակարգից ի սպառ վերանա կոռուպցիան: «Հույս ունեմ` հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել, անկախ նրանից՝ նախարար է, դատավոր է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը անպայման գալու է իր հետևից: Այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ, այսօր, ըստ էության, չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ հաղթանակի համար, և հույս ունեմ, որ այսօրվա շանսը կօգտագործվի»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե պարզվի, որ խանգարողներ կան, ստիպված պետք է լինեն սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա նոր անկախ դատական համակարգի հարցը:










