«Հայերը Ցեղասպանության ճանաչման համար Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն». ամերիկահայ կոնգրեսականն ակնարկել է Քիմ Քարդաշյանին (տեսանյութ)

15:16 • 10.04.19

Վաշինգտոնում գտնվող Կոնգրեսի շենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կայացել, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառման ժամանակ կոնգրեսական Ջեքի Սփեյերն իր ելույթում հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ հղել՝ կոչ անելով ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Հայկական արմատներով կոնգրեսականը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների հայ համայնքը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի իշխանությունները ճանաչեն Ցեղասպանությունը:

Սփեյերը կատակել է՝ ասելով, որ եթե հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միանա համայնքի պահանջներին, դա կարող է արդյունք տալ:

«Այդ հարցում հայ համայնքը գաղտնի զենք ունի. անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ով Թրամփին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անի»,- ժպիտով նշել է Սփեյերը:

Իր ելույթում կոնգրեսականը շեշտել է, որ վաղուց ժամանակն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և որ ինքն այդ հարցով Կոնգրես մտած փաստաթղթի՝ այս անգամ վերջնականապես ընդունման համար ոչ մի խոչընդոտ չի տեսնում: