Նիդեռլանդները բազմահազարանոց խնդրագրից հետո կդիտարկի մարմնավաճառությունն արգելելու մասին օրենքի ընդունումը

19:35 • 10.04.19

Նիդեռլանդների կառավարությունը կդիտարկի մարմնավաճառությունն օրենքով արգելելու մասին որոշման ընդունումը, գրում է Mirror պարբերականը:

Բանն այն է, որ վերջերս սոցկայքերում «Ես գին չունեմ» խորագրով խնդրագիր է հայտնվել, որի տակ արդեն ավելի քան 42 հազար մարդ է ստորագրել՝ կոչ անելով իշխանություններին արգելել մարմնավաճառությունը:

Երկրում մարմնավաճառությունն օրինականացվել է 2000 թ.-ին, ինչի հետևանքով մայրաքաղաք Ամստերդամը սեքս-զոսաշրջության հայտնի ուղղության է վերածվել: Հայտնի է, որ միայն Ամստերդամում ամեն օր շուրջ 700 մարմնավաճառ է աշխատում:

Խնդրագրի հեղինակներից մեկը՝ Սառա Լյուիսը, լրագրողներին հայտնել է, որ  երկրում թրաֆիքինգի բարձր ցուցանիշ կա, բացի այդ՝ շատ երիտասարդ կանայք կարծում են, որ մարմնավաճառությամբ զբաղվելով կարող են հեշտությամբ գումար վաստակել և այլ տարբերակներ չեն դիտարկում: