Նյու Յորքի իշխանությունները կարմրուկի պատճառով քաղաքի շրջաններից մեկում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել
ԱՄՆ խոշորագույն Նյու Յորք քաղաքում իշխանությունները կարմրուկով հիվանդացության 300 դեպքի պատճառով Բրուքլին շրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
«Մենք Բրուքլինի Ուիլյամսբերգ թաղամասում առողջապահական առումով արտակարգ դրության ռեժիմ ենք հայտարարում՝ կապված քաղաքում կարմրուկի 300 գրանցված դեպքի հետ, որոնց մեծ մասը կենտրոնացած է հենց Բրուքլինում»,- գրել է քաղաքապետը թվիթերյան իր էջում:
Դե Բլազիոն կոչ է արել այդ շրջանում բնակվող ծնողներին պատվաստել իրենց երեխաներին՝ վստահեցնելով, որ կարմրուկի դեմ պատվաստումներն արդյունավետ և անվտանգ են:
«Եթե հրաժարվեք պատվաստումներից, ձեզ կտուգանեն: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին և մեր ընտանիքներին»,- հավելել է քաղաքապետը:
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության հավանականության նվազեցման հիմնական միջոցը պատվաստումն է:










