12-ամյա չինացի տղան 6 տարի շարունակ օգնում է հաշմանդամ ընկերոջը տեղաշարժվել դպրոցում՝ նրան մեջքին դրած ման տալով (տեսանյութ)

23:25 • 11.04.19

Չինաստանի Սիչուան նահանգի Մեյշան քաղաքում բնակվող 12-ամյա տղան հայրենիքում հերոսի անուն է հանել վերջին վեց տարում իր հաշմանդամ համադասարանցուն դպրոցի տարածքում մեջքին դրած ման տալու համար:

Ինչպես գրում է Oddity central-ը, երբ երեխան 4 տարեկան էր, նրա մոտ մկանների թուլացմամբ արտահայտված անբուժելի հիվանդություն են ախտորոշել, որը հայտնի է «միասթենիա» անունով: Ժամանակի հետ տղան կորցրել է վերահսկողությունը ոտքերի մկանների նկատմամբ, ինչն անհնար է դարձրել ինքնուրույն տեղաշարժվելը:

Տղայի ծնողները նրան ամեն օր տանում են դպրոց, սակայն չեն կարող օգնել նրան տեղաշարժվել դպրոցում՝ դասամիջոցներին: Բարեբախտաբար, նրա համադասարանցիներից մեկը ցանկություն է հայտնել օգնելու ընկերոջը: Առաջին դասարանից դեռ Սյու Բինգյանգն առաջարկել է օգնել Ժենգ Ժեին տեղաշարժվելու դասարանում, ճաշարան կամ պետքարան գնալիս:   

Տեղի լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տղան ասել է, որ եթե ինքն օգնության ձեռք չմեկներ, ոչ ոք դա չէր անի: Բացի այդ, նա նշել է, որ ընկերը բավականին թեթև է իրենից. մինչ ինքը 40 կգ է կշռում, ընկերոջ քաշը 25 կգ է: