Կառավարությունը հստակեցնում է ԶՈՒ-ի գնումները մեկ անձից իրականացնելու դեպքերը. նպատակն արդյունավետության բարձրացումն է
Կառավարության հերթական նիստին այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գնումները մեկ անձից իրականացնելու դեպքերը հստակեցնել և գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարել փոփոխություններ ու լրացումներ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ըստ նախագծի՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից, եթե նախատեսված են գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով:
«Այսինքն, եթե գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե չի նախատեսվել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել այդ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից, ապա տեխնիկական սպասարկման ծառայությունները պետք է ձեռք բերվեն մրցակցային ընթացակարգերով: Սակայն նշված նորմը հաճախ առաջացնում է խնդիրներ, քանի որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մարդատար ավտոմեքենաների գնման պայմանագրերով նման դրույթ չի նախատեսվել, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները տարիներ շարունակ ձեռք է բերում մրցակցային ընթացակարգերով:
Արդյունքում հաղթող են ճանաչվում ոչ այդ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների՝ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, նկատի ունենալով, որ այդ ծառայությունները մատուցող ընկերություններն, ըստ էության, մասնագիտացված չեն այս կամ այն ֆիրմայի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման գործում կամ չունեն մասնագիտացված բարձրակարգ մասնագետներ, հաճախ վերջիններիս կողմից վերանորոգված ավտոմեքենաները կարիք է լինում կրկին վերանորոգելու, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ: Այսինքն՝ մրցակցային ձևով այդ ծառայությունների ձեռքբերման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի շատ կրում է ինչպես ֆինանսական վնասներ, այնպես էլ ժամանակի անհարկի կորուստ»,-ներկայացված է հիմնավորման մեջ:
Այսպիսով՝ խնդրի լուծման համար առաջարկվում է սահմանել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը կարող է իրականացվել գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից՝ անկախ այդ հանգամանքը գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե նախատեսված կամ չնախատեսված լինելու հանգամանքից:
Կարգի համաձայն՝ հրատապության հիմքով մեկ անձից կարող է գնում կատարվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Սակայն այդ դրույթը չի տարածվում ռազմական դրություն հայտարարվելու, զինված ուժերում ուժեղացված ծառայության անցնելու, ինչպես պահուստներում ապրանքների բացակայության դեպքում դրանց հրատապ համալրելու նպատակով գնումների կատարման գործընթացի վրա, ինչը նման իրավիճակներում կարող է խափանել ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացը:
Նշվածով պայմանավորված առաջարկվում է թույլատրել, որ հիշյալ իրավիճակներում նույնպես գնումները կատարվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով: Հարկ է նկատել նաև, որ այս գնումները կարող են իրականացվել առանց ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի` ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարներ նախատեսելու պայմանով: Նախագիծը ընդունվեց:










