Հեղափոխությունից հետո ամեն ինչ էլ լինում է. Հայկ Սարգսյանը՝ դատարանում հայտնվելու մասին

16:18 • 11.04.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է պաշտոնանթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստից առաջ անդրադառնալով լրագրողների հարցին՝ արդյոք երբևէ պատկերացրե՞լ է, որ կհայտնվեր դատարանում, Հայկ Սարգսյանն ասաց. «Իշխանափոխությունից հետո ամեն ինչ էլ լինում ա, ի՞նչ եք ուզում»:

Հարցին՝ որտեղ է իր հայրը և արդյոք մտադիր է վերադառանալ, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Եվրոպայում է՝ հանգստանալու նպատակով, իհարկե մտադիր է վերադառնալ»: Նա նաև հավելեց, որ հեռախոսով պարբերաբար խոսում է Ալեքսանդր Սարգսյանի հետ:

Փոխարենը Հայկ Սարգսյանը չցնակցավ պատասխանել եղբոր՝ Նարեկ Սարգսյանի՝ Չեխիայում քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հարցին: Մի քանի հարցադրումներից հետո միայն նա ասաց, որ գործընթացից տեղյակ չէ, չի հետաքրքրվում, եղբոր հետ էլ չի խոսել: Նա նաև հայտնեց, որ հայրը հանդիպել է Նարեկ Սարգսյանի հետ: Հարցին՝ հայրը եղբոր մասին որևէ բան չի՞ հայտնում իրեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Հեռախոսով չենք խոսում այդ մասին»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով : Հայկ Սարգսյանը կալանվորվել էր 2018 թ-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էրարձակել նրան: