Վրեժխնդրությունից չեմ արել. Մատենադարանի տնօրենը՝ գիտական խմբի տարրալուծման մասին

13:36 • 11.04.19

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների խնդրանքով անդրադարձավ Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին,  թե Տեր-Ղևոնդյանը փակել է իր ղեկավարած գիտահետազոտական խումբը, ինչ համարում է անձնական հաշվեհարդար:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ցանկացած կառույցում, գիտական կենտրոնում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կառուցվածքային փոփոխությունների,  ներքին վերադասավորումների, հատկապես երբ ինքը` որպես տնօրենի թեկնածու, մեկուկես տարի առաջ իր հնգամյա ծրագրում նշել էր կառուցվածքային փոփոխությունների մասին: 

Մատենադարանի տնօրենը նշեց, որ 2 հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են: «Այսինքն՝ այդ մարդիկ ոչ աշխատանք են կորցրել, ոչ հիմնարկից դուրս են մնացել, ոչ էլ գիտական թեման կամ ընդունված ծրագիրն է ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել: Այս մարդկանց, որոնք 4-ը  մեկ, 5-ը՝ մյուս խմբում են, ներկայացրեցի գիտխորհրդին, հետո հոգաբարձուների խորհրդին՝ խումբը տարրալուծելու»,-ասաց նա:

Վահան Տեր-Ղևոնդյանը բացատրեց, որ օրինակ կա մի գիտաշխատող, որը զբաղվում է միջնադարում լատիներենից հայերեն կատարած թարգմանությունների ուսումնասիրությամբ և աշխատում մի խմբի մեջ, որտեղ չկա ոչ մի մարդ, որ լատիներեն գիտի և այդ դարաշրջանի մասնագետ է: «Ցանկացած հոդված գրելուց պետք է բաժնում քննարկվի, մարդիկ առաջարկություններ անեն,  երաշխավորեն կամ չէ, և հիմա այդ խմբում չկա ոչ մի լատինագետ, ի՞նչ իմաստ ունի այդ տղային այդ խմբում պահել, եթե կողքին կա խումբ, որն ունի լատիներենի, հունարենի երեք փայլուն մասնագետներ»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Արծրունի Սահակյանի խմբին անդրադառնալով՝  նա նշեց, որ այստեղ կա մասնագետ, ով զբաղվում է ժողովրդական բժշկությամբ, բայց որևէ այլ մեկն այդ ոլորտով չի զբաղվում: Դրա փոխարեն՝ կողքին տասնամյակներով կան միջնադարյան բժշկագիտության և պատմագիտության բաժիններ, որտեղ լավագույն մասնագետներ են:

«Հիմա այդ մարդն իր գործը պետք է քննարկի, ո՞ւմ հետ քննարկի՝ մարդ չկա, որ հասկանում է: Այս խմբերի տարրալուծումը, գնալն այլ բաժիններ պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,-ասաց Մատենադարանի տնօրենը և հավելեց, որ երկու պաշտոն է վերացրել միայն, բայց մարդիկ չեն կրճատվել: 

Անդրադառնալով Արծրունի Սահակյանի այն հայտարարությանը, որ ժամանակին ինքը անաչառ կարծիք է տվել Տեր-Ղևոնդյանի գիտական աշխատանքին՝ որպես ԲՈՀ-ի գաղտնի գրախոս, և դա գաղտնազերծվել է, ինչի հետևանքով Մատենադարանի տնօրենն իրենից այժմ վրեժ է լուծում, Տեր-Ղևոնդյանը նշեց. «Եթե ես իսկապես ուզենայի այդ մարդուց վրեժ լուծել, ես դրա լայն հնարավորություններն ունեի շատ ավելի վաղ: Անցյալ տարեվերջին էր ավարտվում նրա գիտաշխատանքի վերջնաժամկետը, խնդրեց մի տարով երկարաձգել, կարող էի պայմանագիրը չներկայացնել, և ընդհանրապես ազատել, բայց ես դա չեմ արել, երկարացրել եմ ժամկետը, ասել, որ ավարտի իր պլանային գիտական թեման: Բացի այդ, անցյալ տարվա ցուցանիշներով նա սովորականից շատ թվով բացակայություններ է ունեցել: Անգամ մեկ անհարգելի բացակայությունը թույլ է տալիս ազատել կամ առնվազն նկատողություն անել, բայց չեմ արել: Երրոդ՝ մեկուկես տարի առաջ գիրք գրեց՝ մենագրություն: Ես ինքս դիմել եմ բարերարի՝ համապատասխան միջոցներ գտելու, նույնիսկ կրկնակի եմ դիմել եմ, որ բյուջեն ավելին լինի: Այս երեք փաստը հուշում եմ, որ հասկանալի լինի՝ այդ անձի հանդեպ վրեժխնդրություն չեմ արել ու չեմ էլ անի, սա կազմակերպական անհրաժեշտությամբ է զուտ պայմանավորված»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է Արծրունի Սահակյանի հայտարարությանը, թե նա Մատենադրանի տնօրենին դատի կտա, Տեր-Ղևոնդյանը պատասխանեց, որ ինքն էլ նրան դատի կտա: «Նա թերթերում գրել է հոդվածներ՝ փորձելով վարկաբեկել այն գործը, որ արել եմ, դոկտորական ատենախոսությունս: Սա է, որ գեղեցիկ չի, որովհետև կան բաներ, որ ինձնից, նույնիսկ Արծրունի Սահակյանից բարձր են, դա Մատենադարանն է, մեր արժեքները, և չի կարելի էժանագին կենցաղային լեզվակռվի մեջ մտնել, ճղճիմ հայտարություններ անել: Եթե չես պատասխանում, մարդկանց թվում է, որ այդպես էլ կա: Պատասխանում ես՝ իջնում ես նրա մակարդակին»,-ասաց նա: