Հայաստանում տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, թե կառավարությունն ինչու «փայ չի մտնում»․ Նիկոլ Փաշինյան

19:09 • 11.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում են այն հայտարարությունները, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն ու ռազմավարություն չունի։ Միևնույն ժամանակ նա Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց, թե գիտի՝ ինչու են նման հայտարարություններ լինում։

Փաշինյանի գնահատմամբ՝ հայաստանյան բիզնես աշխարհը զարմացած է, որ կառավարությունը «փայ» չի մտնում։ «Գիտեք, թե ինչից է, որովհետև մարդիկ, որ խոսում են կառավարության՝ տնտեսական քաղաքականության բացակայության մասին, չեն պատկերացնում ինչ տնտեսական քաղաքականություն, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ ու չի ասում, որ դու այստեղ դիր, դու այնտեղ դիր, դու էնտեղ տար, էս տուր, էն տուր, սա քեզ, ինձ սա և այլն։ Իրենք վատ են զգում, դիսկամֆորտ է իրենց մոտ»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում ավանդական բիզնեսը սովոր չէ օրինական աշխատելուն և միայն օրինական ճանապարհով հարկ վճարելուն։ «Մենք իրենց ասել ենք՝ եղբա՛յր, բան չենք ուզում, գնա, միայն աշխատի ու հարկ վճարի։ Իրենք սա չեն հասկանում, իրենք շոկի մեջ են։ Այո, ի՞նչ է կատարվում, ասում է՝ լավ էս, էս, էս չեն ուզում, այլ մենակ օրինական հարկ են ուզում, սրանք մեզ որտեղ են «գցում»։ Իրենց ահազանգն այն է, որ տնտեսական Հայաստանում տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում՝ քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունն այն է, որ էսքան նալոգ կտան, էսքան հարկ կթաքցնեն, էս մեկի հետ փայ կմտնեն, էն փայը կծախեն, սա ծիծաղելի է»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ այսօր ՀՀ-ում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում, ինչի ապացույցն այն է, որ նպաստներ են բարձրացել և այլն։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր հարկային դաշտում տեռոր չկա։

 

ՀեղինակԱնի Օհանյան