2018-ին Մատենադարանն ունեցել է 113 000 այցելու, իսկ Արցախի մասնաճյուղում նրանց թիվը 16 000-ի է հասել, ինչը լավ ցուցանիշ է. տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսօր հրավիրված ասուլիսին, ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին, նշեց, որ 2018թ-ին Մատենադարանն ունեցել է 113 000 այցելու, իսկ Արցախի մասնաճյուղում նրանց թիվը 16 000-ի է հասել, ինչը լավ ցուցանիշ է։
Ըստ նրա` նախորդ տարվա ընթացքում Մատենադարանի իրականացրած հրատարակումների արդյունքները թե՛ որակի, թե՛ քանակի առումով շատ գոհացուցիչ են։ «Թե՛ քանակի, թե՛ որակի առումով 2018-ի արդյունքները գոհացուցիչ են, եթե նայում ենք գրքերի, մենագրությունների, հոդվածների, զեկուցումների, մատենաշարների, գիտական պարբերականի ընթացքը, այս բոլորը արդյունքը գոհացուցիչ են»,-ասաց նա:
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ հրատարակվել է «Մատենագիրք հայոց»–ը՝ նվիրված Ներսես Շնորհալու չափածո գործերին, արձակ գործերին նվիրված մեկ հատոր էլ լույս կտեսնի առաջիկայում:
Բացի այդ, 30 տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել նաև «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գիրքը, որը, նրա բնութագրմամբ, հրաշալի աղբյուր է պատմաբանների համար։
«Մատենադարանում պահվող պարսկերեն վավերագրերը նույնպես գրքի տեսքով հրատարակել են»,–ասաց Տեր-Ղևոնդյանը՝ հավելելով նաև, որ 2018–ի ընթացքում շարունակվել են համալրվել Մատենադարանի ֆոնդերը` 51 ձեռագիր են նվիրաբերել, ինչպես նաև մեծ չափով արխիվներ։
Ի դեպ, Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ հին ձեռագիր մատյանների կրկնագրերի վերընթերցման հատուկ սարք են նվեր ստացել Գերմանիայի գործընկերների կողմից և սպասվում են նոր բացահայտումներ:
Մատենադարանի տնօրենը բացատրեց, թե ինչ է իրենից ենթադրում կրկնագրերը՝նշելով, որ հին ձեռագիր մատենագրեր կան, որոնք 20-ից ավելի շերտ ունեն, այսինքն, երբ շատ ավելի վաղ շրջանի գրառումները ջնջվել են ու նորը գրվել: Սարքի միջոցով կարող են ընթերցել նաև էջի մյուս շերտերը, որոնք գրվել են շատ ավելի վաղ:










