Հնդկաստանում ընտրատեղամասերից մեկի մոտ պայթյուն է որոտացել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Գարդչիրոլի քաղաքում ընտրությունների առաջին օրը պայթյուն է որոտացել ընտրատեղամասերից մեկի մոտ, հայտնում է NDTV-ն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան:
Հեռուստաալիքը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել շրջանում, որտեղ գործում են մաոական գրոհայինները, որոնք դեռ համազգային ընտրությունների մեկնարկից օրեր առաջ մի քանի հարձակում էին իրականացրել տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և ստուգում մաոականների հնարավոր մասնակցությունը պայթյունին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենամասշտաբային ընտրությունները:
Ընտրությունները կանցկացվեն 7 փուլով՝ ապրիլի 11-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Երկրի 20 նահանգներում արդեն մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի պատգամավորների ընտրությունները:
Ըստ կանխատեսումների՝ քվեարկությանը կմասնակցի Հնդկաստանի շուրջ 900 մլն բնակիչ, ինչի արդյունքում այս ընտրությունները համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբայինը կդառնան, ինչպես նաև «ամենաթանկը». ընտրությունների անցկացման համար ավելի քան 7 մլրդ դոլար կծախսվի:
Հաշվի առնելով ընտրողների քանակը՝ քվեարկության արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև մայիսի 23-ը:
Խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կընթանա երկու քաղաքական ուժերի՝ երկրի գործող վարչապես Նարենդրա Մոդիի ղեկավարած «Բհարաթիա ջանաթիա» և Ռահուլ Գանդիի ղեկավարած «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունների միջև: Ըստ բրիտանական The Guardian-ի՝ այս ընտրությունները վարչապետ Նարենդրա Մոդիի նկատմամբ վստահության յուրատեսակ հանրաքվե են:










