«Անթույլատրելի եմ համարում այն, որ մարդու իրավունքների հանձնակատարը Արցախ այցելելու հնարավորություն չունի». ԵԽ գլխավոր քարտուղար (տեսանյութ)
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա Լեռնային Ղարաբաղ այցելելու: Այդ մասին այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրողը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ «գորշ գոտիներ» այցելելու անհնարինության մասին հայտարարությանը, ցանկացել է պարզել Յագլանդի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:
ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի համար «գորշ գոտի» է համարվում, սակայն ինքն այն համոզմունքին է, որ եվրոպական մոնիթորինգի մարմինները և մարդու իրավունքների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան աշխատելու նաև նման տարածքներում, և որ դրա անհնարինությունը պարզապես անթույլատրելի է:
Պաշտոնյան մի քանի անգամ ընդգծել է հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ պարզաբանելով, որ ԵԽ ներկայացուցիչները «գորշ տարածքներում» իրականացնում են ոչ թե քաղաքական, այլ զուտ հումանիտար աշխատանքներ:










