Սուդանի նախագահը Գլխավոր շտաբի շենքում է, այլ ոչ տնային կալանքի տակ. լրատվամիջոցներ
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը գտնվում է բանակի Գլխավոր շտաբի շենքում, հաղորդում է РИА Новости-ն՝ մայրաքաղաք Խարթումում հավաստի աբյուրին հղումով:
Գործակալության զրուցակիցը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե երկրի նախագահը տնային կալանքի տակ է առնված: Նա նշել է, որ նախագահական պալատի աշխատակիցներն էլ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով և սպասում են զինվորականների հայտարարություններին:
Աղբյուրը նաև հաղորդել է, որ Սուդանի բանակը շուտով կառավարական նոր մարմնի ստեղծման մասին հայտարարություն կտարածի, իսկ մինչ այդ մայրաքաղաք Խարթումի բնակիչներն ազգային դրոշները ձեռքներին և հաղթական բացականչություններով փողոց են դուրս եկել:
Аl Аrabiya-ն հաղորդում է, որ երեկ ալ Բաշիրը երկիրը լքելու փորձ է արել, սակայն մայրաքաղաքի օդանավակայանները փակ են եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանում բանակը ռազմական հեղաշրջում է իրականացրել՝ պաշտոնանկ անելով երկրի նախագահին:
Սուդանում 2018թ.-ի դեկտեմբերին սկսված և վերջին շաբաթներին սրված բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջել էին նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականը՝ զինված ուժերին հեղաշրջման կոչ անելով:
Օմար ալ Բաշիրն իշխանության է եկել 1989թ.ին՝ իսլամիստների կողմից հեղաշրջման արդյունքում:










