«Նախագահը ձերբակալվել և պաշտոնանկ է արվել». Սուդանի պաշտպանության նախարարի պաշտոնական հայտարարությունը հեղաշրջման մասին (տեսանյութ)

17:23 • 11.04.19

Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Օուֆն այսօր երկրում ռազմական հեղաշրջման մասին շրջանառվող տեղեկություններից հետո պետական հեռուստաընկերության եթերում հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Reuters գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ երկիրը մոտ 30 տարի ղեկավարած Օմար ալ Բաշիրը ձերբակալվել և պաշտոնանկ է արվել: Բանակը որոշել է 2 տարով անցումային շրջան հայտարարել, որին նախագահական ընտրություններ կհաջորդեն:

Նախարարը հայտնել է, որ երկրում 3 ամսով արտակարգ դրություն կսահմանվի, «վարչակարգը» կտապալվի, 24 ժամով կփակվի երկրի օդային տարածքը, իսկ մինչ այդ ալ Բաշիրն «ապահով տեղում» կպահվի:

Հիշեցնենք, որ Սուդանում 2018թ.-ի դեկտեմբերին սկսված և վերջին շաբաթներին սրված բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջել էին նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականը՝ զինված ուժերին հեղաշրջման կոչ անելով:

Օմար ալ Բաշիրն իշխանության էր եկել 1989թ.ին՝ իսլամիստների կողմից հեղաշրջման արդյունքում: