Սիրիայում գտնվող փախստականների «Ալ Հոլ» ճամբարում 235 երեխա է մահացել

13:40 • 11.04.19

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող փախստականների «Ալ Հոլ» ճամբարում 235 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը:

Ինչպես հայտնում է life.ru-ն, փախստական կանանցից մեկը Կուպչիշինին պատմել է, որ ճամբարում սովի, դեղորայքի պակասի և անմարդկային պայմանների հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել: Նա հայտնել է, որ ամեն օր ճամբարում 10-20 մարդ է մահանում:

Փախստականների համար նախատեսված ճամբարը խոշորագույններից է երկրում: Գտնվում է այն տարածքում, որը վերահսկում է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան:

Ռուսական կողմը միջազգային կազմակերպություններին կոչ է արել օգնության ձեռք մեկնել ճամբարում գտնվող տառապող մարդկանց: